ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կյանքից հեռացել է մշակութային գործիչ, «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը։ «Նա իր կյանքի գործը համարեց հայ կինոն, նվիրվեց կինոյին, ամեն ջանք ներդրեց կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար Հայաստանում: Նրա բացառիկ ջանքերով էր նաև, որ վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները, այդ թվում և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոն մշակութային օազիսին: Ի վերջո, նրա ջանքերով էր նաև, որ Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը՝ իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը»,- մասնավորապես նշված է տեքստում: